Ինչպես օգտվել

Գրանցված տվյալներ
Համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է նախ և առաջ գրանցվել, որը շատ հեշտ է և արագ: Պարզապես մուտքագրում եք Ձեր հեռախոսահամարը և ստանում SMS հաղորդագրություն, որը պարունակում է սկզբնական գաղտնաբառ:

Տեղեկացնում ենք , որ համակարգի բոլոր վճարովի ծառայությունները կլինեն անվճար գրանցման պահից 30 օր , շահագործումը շարունակելու համար անհրաժեշտ է ուղարկել պայմանագրի կազմման համար անհրաժեշտ տվյալները և կատարել կանխավճար:
Ձեր SIP համարները
Համակարգ մուտք գործելուց հետո անհրաժեշտ է ստեղծել ներքին համարներ (SIP համարներ), որոնք օգտագործվելու են ծրագրային հեռախոսների, IP հեռախոսների և IP փոխադրիչների (VoIP gateway) կարգավորումների մեջ:
Վիրտուալ համարներ/Խմբեր
Երկրորդ բաժնում գտնվում են վիրտուալ համարները և օպերատորական խմբերը: Վիրտուալ համարը այն կարճ համարն է, որը կցվում է ներքին համարին (SIP): Օրինակ, եթե ունենք 3109999 ներքին համարը և ստեղծում ենք 301 վիրտուալ համարը, դա նշանակում է, որ մեր խմբի բոլոր անդամները կարող են զանգել 3109999 համարին զանգելով 301: Օպերատորական խումբը այն կարճ համարն է, որի մեջ կա 2 և ավելի ներքին համար կամ որը կազմված է 1 թվից ` օրինակ 1, 2 … 9 (միանիշ համարներն օգտագործվում են ձայնային մենյուի մեջ): Օպերատորական խմբի հատկանիշն է նաև այն, որ համակարգը մուտքային զանգը միացնում է տվյալ պահին ազատ օպերատորին, իսկ եթե բոլոր օպերատորները զբաղված են, ապա սպասողների խմբին:
Ձայնային մենյու (IVR)
«Ձայնային մենյու» բաժնում կարելի է ստեղծել ֆայլերի հերթականություն: Ֆայլերը ինֆորմացիա են պարունակում համակարգում գործող կարճ համարների, աշխատանքային ժամերի, վիրտուալ համարով զանգ կատարելու և այլնի մասին: Այս բաժնում ամեն ճյուղ ունի որոշակի ֆայլերի հերթականություն, ժամային ինտերվալ և կարճ համար, որին ուղղվում է զանգը, եթե ձայնային մենյույի ինֆորմացիան լսելու ընթացքում զանգահարողը ոչ մի գործողություն չի կատարում:
Այլ sip համարի գրանցում
«Այլ SIP համարներ» բաժնում մուտքագրվում են 060 կոդով Ձեր ունեցած համարների տվյալները: Սա հնարավորություն է տալիս Ձեր արդեն իսկ ունեցած համարներին կատարվող զանգերը ղեկավարել մեր համակարգի միջոցով: Այս բաժնում կարելի է միացնել նաև Skype, որի արդյունքում հնարավոր է մեր համակարգի միջոցով սպասարկել և վերահսկել Skype-ից եկած զանգերը:
Թույլատրելի հեռախոսահամարներ
«Թույլատրելի համարներ» բաժինը նախատեսված է Ձեր այն հեռախոսահամարների գրանցման համար, որոնք պետք է այս համակարգի միջոցով զանգեր կատարելու հնարավորություն ունենան: Օրինակ, ենթադրենք «Այլ SIP համարներ» բաժնում գրանցել եք որևէ միջնորդային (gateway number) համար և այս բաժնում ավելացնում եք 010 YYYYYY համարը: Սա նշանակում է, որ 060 XXXXXX միջնորդային (gateway number) համարին զանգահարելով, 010 YYYYYY համարը կարող է օգտվել այս համակարգի բոլոր հնարավորություններից:
Վերահասցեավորումներ
«Վերահասցեավորումներ» բաժնում գրանցվում են այն համարները, որոնց վերահասցեավորվում են նշված մուտքային համարներին եկած զանգերը: Օրինակ, եթե Ձեր 060 XXXXXX համարը գրանցված է "այլ SIP համարներ" բաժնում և այն անհրաժեշտ է ուղորդել դեպի ձայնային մենյու, ապա այս բաժնում ընտրում եք մուտքային գիծը և նշում ձայնային մենյուի համապատասխան համարը:
Զանգերի ուղորդում
«Զանգերի ուղորդում» բաժնում կարելի է հստակեցնել, թե որ կոդով սկսվող զանգերը որ գծով պետք է կատարվեն: Օրինակ, գրանցել եք 2 տարբեր «Այլ SIP համարներ», որոնցից մեկը նախատեսված է 060 կոդով զանգերի, իսկ մյուսը՝ 09 կոդով զանգերի համար:
Ֆայլեր
«Ֆայլեր» բաժինը նախատեսված է ձայնային մենյուի ֆայլերի համար:
Զանգերի պատմություն
«Զանգերի պատմություն» բաժնում կարող եք գտնել մանրամասն ինֆորմացիա ցանկացած ժամանակահատվածում կատարված զանգերի մասին: Այս բաժնում ակնհայտ երևում է նաև մուտքային գծերով եկած զանգերի սպասարկման արդյունքը: